Բրիտանական իշխանությունները 9 միլիոն ֆունտով (մոտ 14 միլիոն դոլար) տուգանել են Coutts մասնավոր բանկին, որի հաճախորդներից է նաև Եղիսաբեթ II թագուհին: Այս մասին ասվում է Ֆինանսական կարգավորման և հսկողության վարչության կայքում:
«Տուգանման պատճառը եղել է կասկածն այն մասին, որ բանկն աշխատում է «կեղտոտ» փողերով»,– գրում է Lenta.ru-ն:
Ֆինանսական կարգավորման և հսկողության վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ խախտումները Coutts-ի կողմից շատ լուրջ են եղել, կանոնավոր բնույթ են կրել և տեղի են ունեցել երեք տարիների ընթացքում` 2007-2010 թթ.:
Բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին ափսոսանք են հայտնել, որ Coutts-ի աշխատանքը չի բավարարել վարչության ստանդարտներին, սակայն վստահեցրել են, որ սխալների ուղղությամբ աշխատանքները սկսվել են անմիջապես առաջին պահանջներից հետո: Բացի այդ, բանկում նշել են, որ Coutts-ն ամեն կերպ նպաստել է վարչության հետաքննությանը:
Coutts մասնավոր բանկը մտնում է Royal Bank of Scotland բանկային հոլդինգի մեջ:












































