Փորձագետ Գաբրիել Բագրատունին Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Երբ ասում են երկիրը երկիր չէ, առաջին հերթին, մեղադրում են ժողովրդին, որը 5000 դրամով ծախում իր ձայնը: Նման ժողովրդով ունենք նույնանման քաղաքական էլիտա:
Մոտավորապես 1990-ականների կեսերից, երբ անցավ պատերազմը և նստեց Ղարաբաղյան շարժման ռոմանտիկ ալիքը, մենք հասկացանք, որ վերադարձանք խորհրդային ժամանակների որոշակի զանգվածային տիպին` homo corruptus. Եթե թարգմանենք, դա նշանակում է «փչացված մարդ», «անազնիվ», «պատվազուրկ», «խայտառակված»: Բայց դե հարցը թարգմանությունը չէ: Homo corruptus` դա մարդ է, որը հայտնագործել է, որ պատիվը, արժանապատվությունը, ամոթը, խիղճը և էլի ինչ-որ նման բաներ իրականում քիմեռներ են: Ծանր բեռ և նախապաշարմունքներ, որոնք վտանգավոր են բարեկեցության, երբեմն էլ` կյանքի համար: Ինչպես Աստծու մասին մեզ երբեմն ասում են. դա քիմեռ է, որը մեռած է, մի մտահոգվեք:
Վատթարագույնը, ինչը կատարվում է մեր երկրում և մեր երկրի հետ, կատարվում է մարդու հետ, մարդկային որակների հետ: Ոչ թե հայ-թուրքական պրոցեսի տապալումը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձախողումը, որոնք կարծես թե սպառնում են մեզ տարածաշրջանային մեկուսացմամբ: Ոչ թե տոտալ աղքատացումը, կրթության, զարգացածության մակարդակի կտրուկ անկումը: Ոչ թե մեր տնտեսության պրիմիտիվությունը, չինովնիկա-օլիգարխական իշխանության հաստատումը մեր հայրենի շուկայում և կյանքում: Այդ ամենը միայն գլխավոր աղետի` մարդու կոռումպացման հետևանքներ են:
Մենք ապրում ենք չգրված և գրեթե բոլորի կողմից ընդունված օրենքներով, իսկ հռչակում ենք Սահմանադրություն և ազատություն: Մենք գիտենք, որ ապրում ենք մի համակարգում, որտեղ ամեն ինչ որոշված է, բայց ձևացնում ենք, որ մենք ենք ընտրում մեր իշխանությանը և նրա ընդդիմությանը: Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ փոխել չեն ուզում:
Հույսը նոր սերունդներն են, որոնք նման չեն խորհրդային կամ «նոր հայերին», որոնք իրենց իղձերով և ձգտումներով չեն տարբերվում, ասենք, Վարշավայի, Վիլնյուսի կամ Թբիլիսիի բնակիչներից, որոնք ուզում են ունենալ սովորական եվրոպական պետություն` մոտենալով սովորական մարդկային արժեքների աշխարհին: Եվ այդ աշխարհը Հայաստանից դուրս չէ, այն վաղուց մեզանում է, պարզապես հինը, իր դարն ապրածը, կեղծը մեծ դժավարոթյուններով է զիջում իր տեղը: Այդ աշխարհի դեմ անզոր դուրս եկան խորհրդային առաջնորդներն` իրենց գաղափարախոսական գյալաջիներով և դատարկ խանութներով: Նույնը կատարվեց ասիական և լատինամերիկայն բռնապետությունների հետ: Հետխորհդային homo corruptus-ը` հետխորհդային ղեկավարների մարմնավորմամբ էլ անզոր կգտնվեն:












































