Գլոբալ տաքացման և դրա ազդեցության ներկայիս տեսությունները հարցականի տակ են դրվել այն բանից հետո, երբ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միջնադարյան ժամանակաշրջանում նույնպես ամբողջ մոլորակը տաքացման գործընթացում է գտնվել: Այնուհետև այդ գործընթացը որոշ ժամանակով կանգ է առել և անգամ եղել է «կարճ սառցե դար»։
Daily Mail-ը գրում է, որ Նյու Յորք նահանգում գտնվող Syracuse համալսանի գիտնականների թիմը՝ Զունլի Լուի ղեկավարությամբ, բացահայտել է, որ «միջնադարյան տաք շրջանը» չի վերաբերել միայն Եվրոպային:
Գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ այդ շրջանը տարածվել է անգամ մինչև Անտարկտիկա, որը նշանակում է, որ այժմ այդքան վիճարկվող գլոբալ տաքացումն այնքան էլ կապված չէ մարդկանց կողմից CO2-ի արտանետումների հետ: Կլիմայական փոփոխության միջկառավարական խումբը պնդում է, որ տաքացումը միջին դարերում եղել է միայն Եվրոպայում:
Բայց պրոֆեսոր Լուն գտնում է, որ սա ճիշտ չէ, և ապացուցել է իր վարկածը ikaite կոչվող հազվագյուտ հանքանյութի միջոցով, որը ձևավորվում է սառը ջրերում: Լուն ասել է, որ սա կրաքարի սառցե տարբերակն է, դրա բյուրեղները կայուն են միայն ցուրտ պայմաններում և անգամ սենյակային ջերմաստիճանում հալվում են: Բացահայտելով այն, թե երբ են բյուրեղները ձևավորվել, պրոֆեսորն ապացուցել է, որ այս հանքանյութը կարող է օգտագործվել անցյալի կլիմայական պայմաններն ուսումնասիրելու համար:









































