Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մարտի 26-ին, ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» և «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ողջունելով աշակերտներին՝ նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիվ մասնակցության և հասարակական նախաձեռնության համար: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձևավորել ՀՀ լիարժեք և կայացած քաղաքացի, ով ոչ միայն իր իրավունքների մասին ունի հստակ պատկերացում, այլ նաև իր նպաստն է ներդնում պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործում»: Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ աշակերտակենտրոն դպրոցի գաղափարն այլընտրանք չունի և այդ համատեքստում անդրադարձել աշակերտական խորհուրդների գործունեությանը՝ հույս հայտնելով, որ դրանց գործունեությունը չի լինի ձևական, այլ իրականում աշակերտը լիարժեք կինտեգրվի դպրոցական անցուդարձի մեջ: Նա նաև հավելել է, որ նախատեսվում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում, հետադարձ կապ կապահովի նախարարի և դպրոցականների միջև և պարբերաբար նախարարին կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները:
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում երեխաներին վերաբերող հարցերի շուրջ վերջիններիս մասնակցության, երեխաների իրավունքների և պարտականությունների, օրենսդրության մեջ երեխաների նկատմամբ բռնության հստակ սահմանման, ինչպես նաև մանկական, կրթական և ճանաչողական հաղորդաշարերի, հեռուստաեթերի լեզվի հստակ չափանիշների սահմանման, դպրոցից դուրս երեխաների ժամանցի կազմակերպման և դպրոցական խաղահրապարակներին հարցերին:
Անդրադառնալով կրթական հաղորդաշարերին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ նախատեսվում է ավագ տարիքի երեխաների համար ստեղծել կրթական զվարճալի ինտելեկտուալ հաղորդաշարեր և խոստացել է դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև աշակերտներին:










































