ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանին խոստացել է «ցանկացած օգնություն» մերձավորարևելյան պետության հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք ցանկացած հարցում կօգնենք ցանկացած մակարդակով և ամենատարբեր ուղղություններով, որտեղ Ռուսաստանը կարող է օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Ավելի վաղ Քոֆի Անանի առաքելությանն իր աջակցությունն էր առաջարկել ՄԱԿ-ի ԱԽ-ը: Հատուկ պատվիրակի Բռնության դադարեցման առաջարկությանը դրական է արձագանքել նաև Սիրիան:
Մեդվեդևն ասել է, որ Անանի առաքելությունը կարող է Սիրիայի համար լինել «տևական արյունալի քաղաքացիական պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունը»:
Անանի և Մեդվեդևի հանդիպումը տեղի է ունեցել «Վնուկովո-2» օդանավակայանում, որտեղից նախագահը պետք է մեկներ Սեուլ` մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին, այնուհետև Նյու Դելի` ԲՐԻՔՍ-ի առաջնորդների հետ հանդիպման:
Մինչ այդ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը հանդիպում էր ունեցել նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Անանը ռուս դիվանագետի հետ բանակցությունները դրական է գնահատել և հույս հայտնել, որ իր առաքելությունն, «ինչպես միշտ, կարող է վստահել Ռուսաստանի աջակցությանն ու բարի խորհուրդներին»:








































