Թեղուտում պատճառվելիք վնասները հաշվարկվել են 25-ի փոխարեն 8 տարիների համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը`խոսելով Թեղուտում հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ: Նա նշեց, որ նախագծի փորձաքննությունը կազմված է 8, իսկ Թեղուտի շահագործման ծրագիրը հաշվարկված է 25 տարիների համար: Հակոբ Սանասարյանը մանրամասնեց՝ ասելով, որ անտառներին, ջրային պաշարներին և հողին պատճառված վնասը հաշվարկվել է քիչ տարիների համար, ավելին՝ 12 քառ. մետր հողն արժե մեկ տուփ լուցկու չափ:
«Ընկերությունը չի փոխհատուցի թափոնների պատճառած վնասները: Եթե ծրագիրը ճիշտ իրականացվեր, բյուջեի մուտքը շատ ավելին կլիներ`մոտավորապես 22-24 միլիարդ դոլարով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Վանաձորում տեղի էին ունեցել Թեղուտի նախագծի հանրային լսումները, որը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Լսումներին մասնակցել են նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ:









































