Փորձագետները կարծում են, որ 13 տարի հետո մարդկությանն սպասվում է ջրային ճգնաժամ:
Ռուս գիտնականների կանխատեսումների համաձայն` մինչև 2025-2030թթ. մարդկության սպառած քաղցրահամ ջրերի ծավալը կհավասարվի ջրի ամբողջ պաշարին: Այսինքն` մարդկությունն առաջին անգամ լրջորեն կբախվի ջրային ճգնաժամի հետ:
ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհի 43 երկրների 700 միլիոն մարդ մշտապես քաղցրահամ ջրի պակաս ունի: Երկրագնդի բնակչության մոտ 1/6 մասը խմելու ջուր չունի:
Экокластер միության ղեկավար Ալեքսանդր Կոնովալովի խոսքերով` եթե քայլեր չձեռնարկվեն, ապա 50 տարի հետո մարդկությունը կկանգնի ընտրության առջև` խմե՞լ, թե՞ ուտել, քանի որ ջուրը չի բավականացնի երկուսի համար: Նա նաև հավելել է, որ քաղցրահամ ջրի հիմնական պաշարներ ունեն Ռուսաստանը և Բրազիլիան:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մարսելում կայացած համաշխարհային ջրային ֆորումի ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները նշել էին, որ աշխարհը գտնվում է ջրային աղետի շեմին: Աշխարհում մոտ 780 միլիոն մարդ, որի 40%-ը բնակվում է Աֆրիկայում, խմելու ջրի պակաս ունի: Այս ցուցանիշը հետզհետե բարձրանում է:







































