Մինչ ճգնաժամը Հայաստանի համախառն ներքին արդյունքը զգալի տեմպերով աճում էր, և մեր երկիրն այդ ցուցանիշով գերազանցում էր Վրաստանին: Այսպես՝ ՀՀ ՀՆԱ-ն 2007թ. աճել է 13.7%-ով, 2008-ին՝ 6.9%-ով, իսկ Վրաստանինը համապատասխանաբար՝ 12.3% և 2.3%-ով:
Բազմիցս նշվել է, որ ՀՀ ՀՆԱ կառուցվածքում առյուծի բաժինն ընկնում էր շինարարության ոլորտին, և ճգնաժամի պատճառով ամենամեծ անկումը հենց այդտեղ գրանցվեց: Նաև դրա հետևանքով տնտեսության ընդհանուր անկումը ռեկորդային`14.1% եղավ, երբ Վրաստանում ընդամենը 3.8%-ով նահանջեցին:
Դրանից հետո մեր հարևանների տնտեսությունը շատ ավելի արագ սկսեց վերականգնվել: Այսպես՝ 2010-ին Վրաստանում ՀՆԱ աճը կազմեց 6.3%, իսկ ՀՀ-ում` 2.1%, 2011-ին Վրաստանում՝ 7.0%, իսկ Հայաստանում դեռ պարզ չէ. վիճակագիրներն առայժմ չեն ամփոփել ՀՆԱ տարեկան ցուցանիշը, հայտնի է միայն տնտեսական ակտիվության աճը՝ 5.9%:
Վրաստանում, որի հետ մեր երկրի իշխանությունները կնախընտրեին չհամեմատվել, իրավիճակն ավելի լավ է նաև գնաճի առումով: Այսպես`ՀՀ-ում գնաճն անցած տարի եղել է 7.7%, մինչդեռ Վրաստանում՝ 2%, իսկ այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ-ում՝ 4.8% աճ է գրանցվել, Վրաստանում՝ 2.1% անկում:











































