Carpathia հոսթինգային ընկերությունը դատարանին բողոքել է Megaupload ծառայությունից օգտվողների ֆայլերի պահպանման բարձր ծախսերից և առաջարկել է որոշ ժամանակով վերականգնել ֆայլային Megaupload ծառայությունը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ծառայությունը փակելու պահից 25 պետաբայթ ծավալով տվյալների պահպանման համար ընկերությունը ծախսել է ավելի քան 500 հազար դոլար և շարունակում է տարեկան 9 հազար դոլար ծախսել:
Իրավիճակից դուրս գալու համար Carpathia-ն առաջարկել է ժամանակավորապես վերականգնել Megaupload-ը, որպեսզի օգտագործողները կարողանան ներբեռնել իրենց ֆայլերը, որից հետո դրանք կարելի է ջնջել:
Carpathia-ն չի կարող ջնջել Megaupload-ի տվյալներն իր սերվերներից, քանի որ Ամերիկայի կինոֆիլմերի ասոցիացիան (MPAA) պահանջում է պահպանել տվյալները՝ ծառայությունից օգտվողների հետագա գործողությունների համար:
Հիշեցնենք, որ Megaupload-ը փակվել է 2012թ. հունվարի 19-ին: Եվ հենց նույն օրը ձերբակալվեց Megaupload-ի հիմնադիր, միլիոնատեր Քիմ Դոթքոմը: Ավելի ուշ նրան բաց թողեցին գրավի դիմաց:
ԱՄՆ արդարադատության վարչությունը ցանկանում է, որ Քիմը և նրա գործընկերները դատապարտվեն հեղինակային իրավունքները խախտելու համար:









































