Ռուս նախկին բանկիր Գերման Գորբունցովը լոնդոնյան հիվանդանոցներից մեկում գտնվում է ոստիկանության ուժերի հսկողության տակ այն բանից հետո, երբ դարձել է սպանության փորձի զոհ: Այս մասին գրում է BBC-ն:
Երեքշաբթի օրը, երեկոյան ժ. 20.00-ի սահմաններում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Գորբունցովի ուղղությամբ, երբ նա գտնվել է լոնդոնյան Դոկլսենդս շրջանի Բրայնգ-սթրիթի իր տանը:
40-ամյա Գորբունցովը ներկայում կոմայի մեջ է, նրա վիճակը գնահատվում է կրիտիկական, բայց կայուն:
Ոստիկանության տվյալների համաձայն` «դեռ վաղ է ինչ-որ կարծիք հայտնել»` կապված ռուսական մամուլի հրապարակումների հետ, որտեղ Գորբունցովի սպանության փորձը կապվում է «Կոնվերս Գրուպի» ղեկավար Ալեքսանդր Անտոնովի վրա հարձակման դեպքի հետ: Լոնդոնի ոստիկանությունը չի հաստատել ռուսական ԶԼՄ-ների այն տեղեկությունը, թե հարձակվողը Գորբունցովի վրա կրակել է ինքնաձիգից, ինչպես նաև չի ասել, թե որ հիվանդանոցում է գտնվում նա:
Ոստիկանությունը որոնում է 180 սմ հասակով սպիտակամաշկ տղամարդու, որը ականատեսների վկայությամբ, վազել է Բրայնգ-սթրիթից Ուեսթֆորդ տանող ճանապարհով:
Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել:






































