Այն պահին, երբ հինգշաբթի օրը Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհել է «թուլուզյան ահաբեկիչ» Մուհամմեդ Մերայի տունը, փարիզյան Le Mond թերթի կայքն այցելուների ռեկորդային հոսք է ունեցել: Ավելի քան 600 հազար մարդ միաժամանակ բացել են հայտնի ֆրանսիական թերթի վեբ-կայքը, որպեսզի տեղեկանան, թե ինչպես է ավարտվում ոստիկանության հատուկ ջոկատի օպերացիան:
«Սա բացարձակ ռեկորդ է այն պահից ի վեր, երբ մոտ մեկ տարի առաջ մենք թողարկեցինք live ծառայությունը»,- France Presse գործակալությանը հայտնել են lemonde.fr–ը համակարգողները։ «Մենք չէինք սպասում այդքան միացումների: Այնուամենայնիվ, մեր համակարգը կարողացավ դիմակայել այդ հոսքին»,- հավելել են նրանք:
«Երբ «թուլուզյան գործը» հանգուցալուծվեց, Ֆրանսիայի շատ տեղեկատվական կայքերի բեռնվածությունը դարձավ «պիկային», քանի որ մեծացել է օգտատերերի մուտքը դեպի իրենց կայքեր»,- նշել է «Սեդեքսիս» ընկերության ներկայացուցիչ Նիկոլա Գայոմը:
Նրա խոսքերով՝ վերջին շաբաթներին Ֆրանսիայում համացանցի թրաֆիկն աճել է նախագահական քարոզարշավի շնորհիվ: «Ֆրանսիայի հարավում` Թուլուզում, տեղի ունեցող վերջին դեպքերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ հանրապետության շատ քաղաքացիներ տեղեկություն ստանում են հիմնականում համաշխարհային ցանցով»,- նշել է «Սեդեքսիս»-ի ներկայացուցիչը:












































