Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որը ներկայում պատիժ է կրում Կաչանովյան ուղղիչ գաղութում, դարձյալ հրաժարվել է խարկովյան բժիշկների` բուժվելու առաջարկից:
«Առողջապահության նախարարության բժիշկները Կաչանովյան ուղղիչ գաղութի բժշկասանիտարական բաժնի ղեկավարի ներկայությամբ հերթական անգամ Տիմոշենկոյի ուշադրությունը հրավիրել են բժշկական ցուցումների վրա` համապատասխան բուժում ստանալու մասին: Դրանից բացի, բժիշկները ևս մեկ անգամ նրան նախազգուշացրել են իր առողջական վիճակի հետագա վատթարացման մասին, եթե հետագայում ևս հրաժարվի բուժումից»,- ITAR-TASS-ին հայտնել են Ուկրաինայի պետական բանտային ծառայությունից:
Այն ժամանակահատվածում, երբ Տիմոշենկոն գտնվում է բանտում, նա ավելի քան 50 անգամ հրաժարվել է բուժզննումից, գործիքային ու լաբորատոր հետազոտություններից, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին երեք անգամ հրաժարվել է բուժումից:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 2011թ. դեկտեմբերից պատիժ է կրում Կաչանովյան (Խարկով) բանտում: Նա 7 տարով դատապարտվել է ազատազրկման` պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:









































