Ճապոնիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել սակուրայի ծաղկման առիթով հրավիրված տոնը: Պատճառը հյուսիսկորեական հրթիռի գործարկումն է, որը, ինչպես ենթադրվում է, պետք է տեղի ունենա ապրիլի 12-16-ը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Տոկիոյում ապրիլի 14-ին կայանալիք Սակուրայի ծաղկման տոնը` հաշվի առնելով ԿԺԴՀ-ի հայտարարությունը ծրագրվղ հրթիռի գործարկման մասին»,- հայտարարել է կառավարության քարտուղար Օսամա Ֆուձիմուրան` ընդգծելով, որ այդ քայլին են որոշել դիմել «ֆորսմաժորային ցանկացած իրավիճակի դիմագրավելու համար»:
Այսպիսով ճապոնական ավանդական փառատոնը չի անցկացվի երկրորդ տարին անընդմեջ: Անցած տարի նույն ժամանակահատվածում այն չեղյալ էր հայտարարվել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով:








































