Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում գտնվող Արծվիկ Մինասյանը, խոսելով «Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, հնարավոր զարգացումները» թեմայի շրջանակներում, նշեց, որ մինչև 1998 թվականը ՀՅԴ-ի գործունեությունը եղել է կասեցված. «Մենք իշխանության մաս համարվել ենք 2003 թվականի ընտրություններից հետո»։
«ՀՅԴ-ն ապագան կառուցում է՝ հաշվի առնելով անցյալի թերությունները: Մենք, իհարկե, զերծ չենք մնացել թերություններից, ինչպես և ոչ մի քաղաքական ուժ զերծ չէ հնարավոր թերություններից, բայց, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀՅԴ-ն թերացել է ժողովրդի և պետության հետ միասին, կուսակցությունը երբեք մի անձի շահ չի հետապնդել՝ ընդհակառակը»,- նկատեց Ա. Մինասյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն շարունակում է մնալ ամենապատրաստ քաղաքական ուժը:
Նա չբացառեց, որ կլինեն մարդիկ, ովքեր չեն կիսի իրենց պատկերացումները և չեն հավատա վաղվա Հայաստանին, բայց եթե կատարենք ճիշտ ընտրություն, ապա բոլոր թերությունները կկարողանանք վերացնել:
Ա. Մինասյանը վերհիշելով վերջին ընտրությունները՝ ասաց, թե այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր ահավոր վիճակում, և, բնականաբար, ՀՅԴ-ն չէր կարող անտարբեր լինել և կանգնեց պետականության կողքին. «Բայց երբ իշխանությունը գնաց հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, այդ թելը ևս կտրվեց»:
Բանախոսի դիտարկումներով՝ երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր, ունեինք բոլորովին այլ Հայաստան՝ սկսած Հայաստանում բնակչության թվաքանակի ավելացումից, վերջացրած այլ ցուցանիշներով: Իսկ երբ ԴՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ, պատկերն ամբողջությամբ փոխվեց։










































