Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Ստամբուլի հանրապետական դատախազությանը՝ խնդրելով ընդլայնել Դինքի սպանության վերաբերյալ հետաքննության շրջանակը՝ այդ պլանում որպես հիմք ընդունելով ոչ վաղ անցյալում հրապարակված Պետական վերահսկիչ խորհրդի (DDK) զեկույցը:
Դինքի փաստաբաններն արդարության վերականգնման համար նշել են 18 կետեր, որոնցում ի ցույց են դրվում Դինքի սպանության հետաքննման գործում թույլ տրված թերացումները:
Հիշեցնենք, որ DDK-ի 653 էջանոց զեկույցը, որի պատրաստումը տևել է 1 տարի, հրապարակվել է փետրվարի 20-ին: Զեկույցում նշված է, որ անվտանգության ծառայություններն ու Ժանդարմերիան նախապես իմացել են Դինքին սպառնացող վտանգի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել դա կանխելու ուղղությամբ և չեն համագործակցել Դինքի կյանքը պահպանելու հարցում: Բացի այդ, նշված է, որ Դինքի սպանության հետաքննման ժամանակ եղել են թերացումներ, և որ դրանք իրականացրած պաշտոնյաները պետք է դատվեն առաջին ատյանի դատարանում:












































