«Ամեն հինգշաբթի կառավարության նիստերի ավարտից հետո կան նախարարներ և կառավարության անդամներ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք, որ կառավարության շենքից հետնամուտքով են դուրս գալիս»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս այդ ճանապարհով է հեռանում կառավարությունից: Երեկ, երբ մի քանի լրագրողներ հետնամուտքի մոտ Մարգարյանին էին սպասում, իսկ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանն էլ լուսանկարում էր այնտեղ տեղակայված մեքենաները, հանկարծ Գևորգյանին մոտեցան երկու «թափով» տղերք և ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ` արգելեցին նրան լուսանկարել:
Հայկ Գևորգյանը բացատրեց, որ դա իր իրավունքն է, և ինքը կարող է լուսանկարել: ԱԱԾ աշխատակիցները կոպիտ կերպով «բացատրեցին», որ լրագրողը նման իրավունք չունի: Զրույցի վերջում նրանք սպառնացին հետ վերադառնալ և ասել` նա նման իրավունք ունի, թե չէ»:












































