Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է պատժել նրանց, ովքեր հաճախ այցելում են այնպիսի կայքեր, որոնք արդարացնում են ահաբեկչությունը և գովազդում են ատելությունն ու դաժանությունը: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը:
Սարկոզին ասել է, որ խոսքը քրեական պատասխանատվության մասին է: Նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիան թույլ չի տա իր երկրի սահմաններում մարդկանց գաղափարախոսական մշակման ենթարկել:
Սարկոզին նման հայտարարությամբ հանդես է եկել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ սպանվել է Թուլուզի ահաբեկիչ Մուհամմեդ Մերան: Որոշ տվյալների համաձայն՝ սպանվածը ջիհադի գաղափարներն ուսանում էր ինտերնետի միջոցով:
Սարկոզին խոստացել է նաև պատժել նրանց, ովքեր պատրաստվածություն են անցել ծայրահեղական իսլամական ճամբարներում, նույնիսկ եթե այդ մարդիկ Ֆրանսիայի տարածքում որևէ հանցագործություն չեն կատարել: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ մուսուլմանների մեծ մասը կապ չունի այդ «խելահեղ ահաբեկչությունների հետ»:











































