ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ`ապրիլի սկզբին Ռուսաստանի Պետդուման անցկացնելու է «Իրանի հարցն ու Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով «կլոր սեղան»: Այս մասին այսօր հայտարարել է Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի հարցը ներկայումս ավելի այժմեական է դարձել Իրանին ապրիլ-մայիս-հունիսին հարված հասցնելու վերաբերյալ Իսրայելի ղեկավարության ու ԱՄՆ պաշտպանության նախարարի արած հայտարարությունների ֆոնին.
«Կլոր սեղանի իմաստն այն է, որ մենք դիտարկենք իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները, փակուղուց դուրս գալու հնարավոր ելքերը, և մեր ու «Վեցյակի» միջև միասնական հարթակի ձևավորման հնարավորությունը, ինչն ընդունելի կլինի Իրանի, մեր ու մյուս կողմերի համար:
Իրանական խնդրի կարգավորման վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ: Ոմանք ասում են, որ պետք է համակերպվել միջուկային Իրանի առաջացման հետ, նրանք կազմում են փոքրամասնություն, իսկ ոմանք էլ գտնում են, որ պետք է ռմբակոծել Իրանը:
Կա նաև միջանկյալ կարգավիճակի գաղափարը, օրինակ` Ճապոնիան ունի միջուկային մշակումներ, սակայն չի ստեղծում միջուկային զենք: Ճապոնիայի տարբերակն ընդունելի է»:
Կլոր սեղանին մասնակցելու են Ռուսաստանի դեսպանատների, ԱԳՆ-ի ու ՊՆ-ի փորձագետներն ու ներկայացուցիչները:











































