ՀԱԿ-ն էլ ներկայացրեց ցուցակը Հայ ազգային կոնգրեսը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր համամասնական ցուցակը:
Ինչպես ԿԸՀ-ում լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը, ցուցակը 120 հոգուց է կազմված, այն գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ցուցակի մեջ ընդգրկված են այն բոլոր մարդիկ, ովքեր չորս տարիների ընթացքում մշտապես ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել»,- ասաց նա` հավելելով, որ ՀԱԿ առաջնորդին հաջորդում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Համամասնական ցուցակը եզրափակում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
«Բոլորովին նշանակություն չունի, թե իր պես քաղաքական գործիչը որ տեղն է զբաղեցնում: Ժողովուրդը պետք է հավատա, զգա այն քաղաքական գործիչներին, ովքեր զբաղվում են ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ ավելի լուրջ նպատակ են դրել` Հայաստանի ժողովրդավարացման համար»,- հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը:








































