Հայաստանում մարտի 22-ին ներկայացվել է բավական հետաքրքիր մի հարցում, որն իրականացրել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը: Հետաքրքրականն այն է, որ հրապարակված հարցման համաձայն՝ «Բարգավաճ Հայաստանն» իր վարկանիշով առաջ է Հանրապետականից: Սա, իհարկե, աննախադեպ հանգամանք է, քանի որ մինչ այդ կարծես թե որևէ հարցում կա՛մ իշխանական դաշտում է եղել իր տրամաբանությամբ և տրամադրվածությամբ, կա՛մ լոյալ է եղել այդ դաշտին, չի արտացոլել այդպիսի պատկեր: Կարելի՞ է արդյոք այստեղից հետևություն անել, որ Եվրոպան ներկայումս լոյալ չէ Հայաստանի իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի հանդեպ, և այդ իսկ պատճառով էլ մենք տեսնում ենք հարցում, որը շատ մոտ է իրական պատկերին:
Թերևս անկասկած է, որ իրականում ԲՀԿ-ն իր վարկանիշով իսկապես գերազանցում է Հանրապետականին: Բայց խնդիրը տվյալ պարագայում այն է, թե ինչու են եվրոպական շրջանակները փորձում ընդգծել այդ հանգամանքը: Նրանք այսպիսով ինչ-որ դժգոհություն են հայտնում և նախազգուշացնո՞ւմ են Սերժ Սարգսյանին, թե՞ պարզապես փորձում են նրան զգուշացնել ԲՀԿ վտանգի մասին, որպեսզի մինչև ընտրություն Սերժ Սարգսյանը կարողանա չեզոքացնել ԲՀԿ վարկանիշային առավելությունը:
Չի բացառվում նաև, որ հրապարակված հարցումն ու դրա տրամաբանությունն ունեն բոլորովին այլ նպատակ: Խոսքն այն մասին է, որ Եվրոպան այդպիսով միգուցե փորձում է ստուգել Հայաստանի իշխանական և ընդհանրապես քաղաքական դաշտի արձագանքը այդ իրողությանը: Օրինակ՝ ինչպես է իրեն պահելու «Բարգավաճ Հայաստանը»՝ ստանալով նմանօրինակ հարցման մեսիջը, որն անկասկած ընկալելու է իբրև նշան Եվրոպայից: ԲՀԿ-ն սկսելու է զգուշանա՞լ այդ մեսիջից, կասկածել ինչ-որ եվրոպական կամ արևմտյան ծուղակների մասին, թե՞ հակառակը՝ ձեռնամուխ կլինի իշխող Հանրապետականին էլ ավելի կոշտ պահանջներ առաջադրելուն՝ մտածելով, որ աջակցություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում: Այլ կերպ ասած՝ չի բացառվում, որ հրապարակված տվյալները իսկապես լուրջ ռեզոնանս առաջացնեն իշխանական շրջանակներում, ընդ որում՝ ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» վարքագծի հնարավոր փոփոխության տեսքով, այլ նաև բուն ՀՀԿ-ում ինչ-որ տրամադրությունների գեներացմամբ:
Ի վերջո, Հանրապետական կուսակցության ներսում անկասկած կարող են մտածել, թե այդ ինչպես է պատահում, որ Եվրոպայից մեկ ողջույնի հաղորդագրություն է ստացվում ԵԺԿ նախագահ Մարթենսի անունից, որտեղ նա բաց տեքստով հանդես է գալիս ՀՀԿ հաղթանակում վստահ լինելու մասին հայտարարությամբ, իսկ մի քանի օր անց էլ նույն Եվրոպայից մեկ այլ կազմակերպություն հարցում է հրապարակում, որով, ըստ էության, ՀՀԿ հաղթանակը կասկածի տակ է դրվում: Սա իսկապես հետաքրքիր զարգացումների տեղիք կարող է տալ իշխանական միջավայրում, և չի բացառվում, որ եվրոպական սոցիոլոգիայի թիրախը եղել է հենց դա: Ըստ երևույթին, Եվրոպայում մտահոգություն կա ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության իմիտացիոն բնույթի վերաբերյալ, և այժմ փորձ է արվում կոնկրետ քայլերով շարժել ներիշխանական միջավայրը և ձևավորել նոր տրամադրություններ, որոնք կշարժեն այն հավանական ճահիճը, որ կարող էր ձևավորվել իշխանական միջավայրում իմիտացիոն մրցակցության տակ:
Եվրոպան, ըստ երևույթին, Հանրապետականին և «Բարգավաճ Հայաստանին» զգուշացնում է, որ այնքան էլ դյուրին չի խաբվելու և այնքան էլ դյուրին թույլ չի տալու, որ իշխանական երկու ուժերը գան գլոբալ համաձայնության և կրկին կիսեն իշխանությունը «եղբայրաբար» կամ ինչպես իրենք կասեին՝ «ախպերափայ»:











































