Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունն այսօր հրապարակել է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Հարցումները կատարվել են 2012-ի փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցումներն անցկացվել են ՀՀ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի տասը մարզերում և Երևանի բոլոր համայնքներում:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը իր ելույթում կարևորելով Հայաստանում մայիս ամսին տեղի ունենալիք ընտրությունները՝ նշել է, որ ճշգրիտ արդյունքներ անհնար է կանխատեսել, և միակ բանը, որ հստակ կարող են ասել, այն է, որ այսօր մարդկանց մեծ տոկոս միանշանակ որոշել է քվեարկել: Հարցման արդյունքում պարզվել է, որ Գագիկ Ծառուկյանը ամենաժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատար:
Ըստ կատարված հարցումների՝ եթե հաջորդ կիրակի տեղի ունենան նախագահական ընտրություններ, ապա հարցման մասնակիցների 33 տոկոսը կքվեարկի Սերժ Սարգսյանի, 12 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի, 6 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 4 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, 2 տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:
Իսկ եթե այս կիրակի Ազգային ժողովի ընտրություններ լինեն, ապա հարցման մասնակիցների 41 տոկոսը կքվեարկի ԲՀԿ-ի օգտին, 36 տոկոսը՝ ՀՀԿ -ի, 23 տոկոսը՝ այլ կուսակցությունների օգտին, իսկ 23 տոկոսն էլ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին:
Հետաքրքիր է, որ ՀՀԿ և ԲՀԿ ընտրազանգվածների մեծամասնությունը կանայք են: Բացի այդ, հարցումները ցույց են տվել, որ թեև մեծամասնական տեղերի վերաբերյալ չկան հստակ կանխատեսումներ, սակայն 2012-ին ԲՀԿ-ն ԱԺ-ում ավելի շատ մանդատ կունենա, քան 2007-ին, բայց ՀՀԿ մեծամասնական մանդատները կլինեն ավելի շատ:











































