Չինաստանի արդարադատության նախարարությունը բոլոր փաստաբաններին պարտավորեցրել է երկրին, ժողվրդին և սոցիալիզմի գաղափարներին հավատարմության երդում տալ իրենց մասնագիտական գործունեության սկզբում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Չինաստանի արդարադատության նախարարության որոշմամբ՝ փաստաբանական գործունեության համար արտոնագիր ստացող ցանկացած իրավաբան 3 ամսվա ընթացքում պետք է հավատարմության երդում տա ժողովրդին և երկրին: Նորամուծությունը կտարածվի նաև այն փաստաբանների վրա, ովքեր ցանկանում են երկարացնել իրենց փաստաբանական արտոնագրի ժամկետը:
Մասնավորապես, երդումն իր մեջ ներառում է սոցիալական արդարությանը, սոցիալիզմի գաղափարներին, ճշմարտությանը, երկրի օրենքներին հետևելու վերաբերյալ խոսքեր: Նախարարությունում նշել են, որ նորարարությունը նպատակ ունի բարձրացնել քաղաքական, մասնագիտական և բարոյական չափանիշները:
Նախարարությունն արդեն որոշել է, թե որ հաստատություններն են պատասխանատու երդման արարողության անցկացման համար:
Առաջին անգամ Չինաստանում նման փորձ ներմուծելու անհրաժեշտության մասին խոսում էին դեռ 2000 թ.: Նախաձեռնող կողմը Չինաստանի փաստաբանների միությունն էր:








































