Սոմալեցի ծովահենները փրկագնի դիմաց ազատ են արձակել Քենիայում ավելի քան կես տարի առաջ առևանգված 56-ամյա բրիտանուհուն՝ Ջուդիթ Թեբաթին: Ինչպես հաղորդում է BBC-ն, գումարը հավաքել են կնոջ հարազատները:
Թե որքան գումար են պահանջել ծովահենները կնոջն ազատելու համար, չի հաղորդվում: Reuters-ի տվյալներով՝ գումարը պարունակող պայուսակը թռչող սարքից նետել են պայմանավորված վայրում: Գումարը ստանալուց հետո ծովահենները Թեբաթին տարել են Եթովպիայի սահմանի մոտ գտնվող Ադադո քաղաք, որտեղից նրան ինքնաթիռ են նստեցրել և ուղարկել Քենիայի մայրաքաղաք Նայրոբի:
Կնոջն ազատելու շուրջ բանակցությունները վարել է անվտանգության մի մասնավոր ծառայություն, չնայած քննությանը մասնակցել են նաև Բրիտանիայի ոստիկանության աշխատակիցները: Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Թեբաթի ազատագրման մանրամասները:
Ջուդիթ Թեբաթին առևանգել էին 2011թ. սեպտեմբերի 11-ի գիշերը՝ իր տնից: Նրա ամուսինը, որն ամենայն հավանականությամբ փորձել է դիմադրություն ցույց տալ, սպանվել է: Այնուհետև կնոջը ծովով տեղափոխել են Սոմալի:











































