Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին կանխատեսումներում մենք բոլորս հիշատակում ենք բազմապիսի ներքին ու արտաքին գործոններ, ընդդիմությունից մինչև իշխանություն, ռուս-ամերիկյան մրցակցությունից մինչև համաձայնություն, Ղարաբաղի հարց, հայ-թուրքական խնդիր: Սակայն կա մի հանգամանք, որի մասին կարծես թե ներքաղաքական զարգացումների համատեքստում շատ քիչ է խոսվում, և կարելի է նույնիսկ ասել, որ գրեթե չի խոսվում: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ արտաքին պարտքին: Ինչպես հայտնի է, ճգնաժամային ժամանակահատվածում այն կրկնապատկվեց և հասավ մոտ 3 միլիարդ դոլարի, իսկ ՀՆԱ հանդեպ հարաբերակցության առումով հասավ բավական վտանգավոր սահմանի` մոտ 45 տոկոս: Ընդ որում, Հայաստանը դեռևս շարունակում է վարկեր ստանալ և նաև որոնել նորանոր վարկեր, ինչը նշանակում է, որ արտաքին պարտքի ծավալը շարունակելու է աճել: Մինչդեռ սա չափազանց կարևոր հանգամանք է, որը ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև գուցե դրանից ոչ պակաս լուրջ քաղաքական նշանակություն, առավել ևս մի երկրում, որտեղ տնտեսությունն ու քաղաքականությունը խիստ շաղկապված են իրար: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս շնչում է հենց վարկերի շնորհիվ: Եթե դրանք չլինեն, ապա տրանսֆերտներն անգամ չեն օգնի քիչ թե շատ կենսունակ պահել տնտեսական կյանքը: Իսկ դա նշանակում է ստեղծել սոցիալական ապստամբության կամ առնվազն լուրջ սոցիալական բողոքի ու դժգոհությունների ալիք, որը չափազանց վտանգավոր կարող է լինել հատկապես ընտրություններին ընդառաջ: Խնդիրն այն է, որ Հայաստանի ընտրությունները «ինքնավար» չեն, ինչպես և կարևոր աշխարհաքաղաքական ռեգիոններում գտնվող ցանկացած պետության մեջ անցկացվող համապետական ընտրություններ: Դրանցում խաչվում են նաև գերտերությունների շահերը, եթե չասենք, որ հենց միայն նրանց շահերն էլ խաչվում են: Իսկ Հայաստանին հենց գերտերություններն են վարկ կամ պարտք տալիս: Նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցների հետևում կանգնած է կոնկրետ գերտերություն` ԱՄՆ-ը, քանի որ այդ պետությունն է այդ կառույցների հիմնական դոնորը: Մինչդեռ հենց միջազգային ֆինանսական կառույցների գծով Հայաստանը վերջին երկու տարում կարծես թե կուտակել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի վարկային պարտավորություն: Ռուսաստանի հանդեպ Հայաստանի պարտքը կազմում է 500 միլիոն դոլար: Հայաստանը նաև նոր վարկ է ակնկալում Ռուսաստանից և բանակցում է դրա վերաբերյալ: Ահա այդ պայմաններում աներկբա է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ նաև Եվրամիությունը, որը ունի Հայաստանի ֆինանսավորման տարբեր ծրագրային խողովակներ, այդ թվում դրամաշնորհների միջոցով, փորձելու են Հայաստանը կառավարել իրենց տված պարտքերի միջոցով: Այսինքն` առաջին հայացքից, ըստ էության, ամբողջապես անտեսվող արտաքին պարտքը իրականում շատ ավելի լուրջ ներքաղաքական ազդեցության գործոն կարող է լինել, թեկուզ աներևույթ, առաջին հայացքից չերևացող, քան մնացյալ վերը թվարկած գործոնները միասին: Այնպես որ, թերևս քաղաքագիտական և փորձագիտական հանրույթին արժե ուշադրություն դարձնել այդ պարտքին և իրենց քաղաքագիտական անալիզների ընթացքում փորձել ուսումնասիրել դրա կառուցվածքը: Դա, թերևս, կարող է տալ ապագա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ բավական հետաքրքիր հետևությունների տեղիք:









































