Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է օրեր առաջ տեղի հրեական դպրոցի վրա հարձակված և 4 մարդու սպանության մեջ կասկածվող հանցագործներից մեկին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ոստիկանությունը շարունակում է գրոհն այն տան վրա, որտեղ, ենթադրվում է, թաքնվում են հանցագործները:
Որոշ տվյալներով, սակայն ձերբակալությունը կատարվել է ոչ այն վայրում, որտեղ տարվում է գրոհը:
Փոխհրաձգության ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել երկու ոստիկան:
Գործակալության տվյալներով՝ ոստիկանության գործողությունները սկսվել են տեղի ժամանակով 03:00-ին՝ հարձակման ենթարկված հրեական դպրոցից ոչ հեռու: ոստիկանությունը շրջապատել է ամբողջ թաղամասը, որտեղ իրականացվում է հատուկ գործողությունը:
Գործողությունը ղեկավարում է անձամբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը: Վերջինս լրագրողներին հայտնել է, որ տանը թաքնվող տղամարդը իրեն հայտարարել է մոջահեդ և նշել, որ աջակցում է «Ալ-Քաիդա»-ին:
«Նա ցանկանում էր վրեժ լուծել պաղեստինցի երեխաների համար և ցանկանում էր վրեժ լուծել ֆրանսիական բանակից՝ արտասահմանում ռազմական գործողություններին նրա մասնակցության համար»,- ասել է Գեանը՝ հավելելով, որ ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը ավելի վաղ եղել է Աֆղանստանում և Պակիստանում:
Ֆրանսիական BFM TV հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ կասկածյալները կապ ունեն Forsane Alizza իսլամիստական խմբավորման հետ, սակայն այդ տեղեկությունը ճշտել այս պահին հնարավոր չէ: Հեռուստաալիքը նաև նշել է, որ ոստիկանությունը բանակցություններ է վարել տան ներսում գտնվող 24-ամյա տղամարդու հետ, որը, ըստ Կլոդ Գեանի, ձերբակալվածի եղբայրն է: BBC-ն իր հերթին հաղորդում է, որ նրա հետ բանակցելու համար այստեղ են բերել նրա մորը:
Հիշեցնենք. երկուշաբթի անհայտ անձը անկանոն կրակ էր բացել Թուլուզի հրեական դպրոցի մոտ հավաքված ծնողների և երեխաների վրա, որի հետևանքով զոհվել էր 3 երեխա և մեկ ուսուցիչ:
Անցյալ շաբաթ Թուլուզում ևս երկու նման սպանություն էր կատարվել, երբ նույն մոտոցիկլետով տղամարդը սպանել էր երեք դեսանտայինների: Իսկ կիրակի ենթադրաբար նույն մարդը Թուլուզի բնակելի թաղամասերից մեկում սպանել էր 30-ամյա մի զինվորի:






































