Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան ընդունել է միջուկային անվտանգության մասին օրինագիծը: Այն մշակել էր կառավարությունը:
Օրինագիծը կարգավորում է միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ կապված գործունեություն ծավալող ու անվտանգության միջոցառումներ ձեռնարկող ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պետական մարմինների միջև իրավական հարաբերությունները:
Ինչպես խորհրդարանական մեծամասնությունը, այնպես էլ փոքրամասնությունը կարծում են, որ Վրաստանն իր արևմտյան գործընկերների հետ կարևոր դեր է խաղում տվյալ հարցի կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին պաշտոնապես հերքել էր այն, որ Վրաստանն աշխատում է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Մարտի 2-ին CNN iReport բլոգների կայքում isaactom օգտագործողի կողմից հրապարակվել էր «Վրաստանի միջուկային ծրագիրը» վերնագրով հոդվածը, որում նշված էր, որ Ռուսթավիի մոտակայքում ուրանի հարստացման աշխատանքներ են տարվում:










































