ԱՄՆ նախագահի դուստրը` Մալիան, որը հանգստանում է Մեքսիկայում, չի տուժել նախօրեին այդ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ: Նա գտնվել է Մեքսիկայի Օահակա նահանգում: Միշել Օբամայի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մալիայի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել Ակապուլկո հանգստավայրում, որը գտնվում է Գերերո նահանգում: Ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Մեխիկոյում: Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հայտարարել է, որ երկրաշարժը լուրջ վնասներ չի հասցրել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:











































