Միջազգային տիեզերական կայանի գործընկերներ ռուսական, ամերիկյան, եվրոպական, կանադական և ճապոնական տիեզերական գործակալությունները քննարկում են հնարավոր 500-օրյա երկարատև փորձարկում տիեզերքում, որը կվերարտադրի մարդու թռիչքը Մարս: Այդ մասին այսօր հաղորդել է ՄՏԿ-ի մենեջեր Մայքլ Սաֆֆրեդինին:
Նրա խոսքերով` փորձի ընթացքում ծրագրավորված է պարզել՝ արդյո՞ք ընդունակ է մարդը դիմանալ դեպի Մարս թռիչքին, վայրէջքին, նրա մակերևույթի վրա աշխատանքին և հետդարձին: Սաֆֆրեդինին նշել է, որ միջազգային գործընկերներն արդեն քննարկում են այս փորձի գլխավոր կետերը, բայց ՄՏԿ-ում նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել միայն 2-3 տարի հետո:
«Դա տեղի չի ունենա մոտ ապագայում, բայց մենք արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա:
Ներկա դրությամբ ՄՏԿ-ի կայանում անձնակազմի մնալու ամենաերկար ժամկետը վեց ամիս է:
Ամենաշատը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Վալերի Պոլյակովը` 437 օր, 18 ժամ: