Մարտի 1-ի գործով Ազատության հրապարակից բերման ենթարկված ընդդիմադիր գործիչներից մեկի` քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը, ինչպես հայտնի է, բողոք էին ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որով պահանջել էին վերանայել նույն այս ատյանի կողմից 2009-ի մայիսի 19-ին կայացրած` Աշոտ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը:
Զեյնալյանը և Ղազարյանը միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջել էին բեկանել քաղբանտարկյալի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2009-ի մարտի 10-ին կայացրած որոշումը, որով քաղբանտարկյալը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման. որոշման հիմքում Երևանի քրեական դատարանի (մասնագիտացված դատարանները գործել են մեկ տարի` 2008-ի հունվարի 1-ից մինչև տարեվերջ) 2008-ի դեկտեմբերի 12-ին կայացրած դատավճիռն էր:
Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների` ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն վարույթ է ընդունել Աշոտ Մանուկյանի և նրա ներկայացուցիչների բողոքը:
Հիշեցնենք, որ դեռ ի սկզբանե, երբ գործն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդել էր մեկ ամսով հետաձգել դատական նիստը` Աշոտ Մանուկյանի մեղադրանքի ծավալն ավելացնելու նպատակով: Այնուհետև Մանուկյանի մեղադրանքը խստացվել էր և ՀՀ քր.օր.-ի 1-ին մասից վերաորակվել 2-րդ մասի, որով էլ նա ազատազրկման դատապարտվեց: Այսպիսով, նրա վրա չէր տարածվել նաև 2009-ի հունիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված համաներման որոշումը:
Մանուկյանի ներկայացուցիչներ Զեյնալյանը և Ղազարյանը ՍԴ-ում բողոքարկել էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնց հիման վրա էլ Փիլոյանը դատարանում գտնվող մեղադրանքը ետ էր տարել և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ոտնահարմամբ և քրեադատավարական նորմերի խախտմամբ լրացրել ծավալը:
Այս առնչությամբ ՍԴ-ն 2010-ի ապրիլի 2-ին որոշել էր հակասահմանադրական ճանաչել քր.դատ.օր.-ի նույն՝ 309.1 հոդվածի 5-րդ մասը, որը վերաբերում է դատավորների կողմից մեղադրանքը խստացնելու առաջարկով մեղադրողներին դիմելուն: Իսկ իր որոշման նկարագրական մասում հիմք ընդունելով Աշոտ Մանուկյանի հետ տեղի ունեցածը՝ ՍԴ-ն արձանագրել էր հետևյալը. «Քողարկված ձևով գործադրվում է գործը լրացուցիչ քննության վերադարձնելու պրակտիկան, որը չի բխում նաև ՀՀ քր.դատ.օր-ի վիճարկվող նորմերի դրույթներից, սակայն հարուցել է դիմողի (Աշոտ Մանուկյանի- Վ. Հ.) ներկայացուցիչների արդարացի դժգոհությունը»:
Այս գնահատականը և քր.դատ.օր.-ի նույն՝ 309.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ ՍԴ-ի գնահատականներն էլ հենց դրված են քաղբանտարկյալի ներկայացուցիչների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքում:
«Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատված է, որ դիմողի նկատմամբ դատավարական նորմի կիրառումը եղել է քողարկված ձևով գործը լրացուցիչ քննության վերադարձնելու պրակտիկա, որը չի բխում ՀՀ քր.դատ.օր-ի վիճարկվող նորմերի դրույթներից: Այստեղից հետևում է, որ դատավճռի հիմքում դրված ապացույցները ձեռք են բերվել ՀՀ Սահմանադրության խախտմամբ, ուստի անթույլատրելի են», – նշված է վճռաբեկ բողոքում:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ 2010-ի ապրիլի 2-ին Աշոտ Մանուկյանի դիմումի հիման վրա կայացրած վերը նշված որոշումը հրապարակելուց հետո, դիմելով դահլիճում գտնվող լրագրողներին, հորդորեց իր հրապարակած փաստաթուղթը ուշադիր կարդալ: Ըստ նրա՝ ուշադիր ընթերցելուց հետո բոլորը պետք է համոզվեին, որ ՍԴ որոշումը Աշոտ Մանուկյանի նկատմամբ կայացված դատավճռի վերանայման հիմք է:
Այսպիսով՝ սպասվում էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Աշոտ Մանուկյանի գործով որոշում կայացնելիս ուղղակի իր վերաբերմունքն էր արտահայտելու ՍԴ-ի և այս ատյանի կայացրած որոշումների, դրանցում բերվող գնահատականների և որակումների նկատմամբ, և համենայնդեպս իր այս քայլով Վճռաբեկը փորձեց ցույց տալ, որ հաշվի է առնում դրանք:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից բերման ենթարկված ընդդիմադիր մյուս գործիչների պես՝ նրան ևս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:












































