Եվրահանձնաժողովի ղեկավար ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ Եվրոպան մեծ հետաքրքրություններ ունի` Թուրքմենստանի գազային պաշարների հետ կապված: «Թուրքմենստանը կարող է բացել Եվրոպային իր զգալի գազային պաշարները: Իսկ մենք կարող ենք իրավաբանական, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել նրան դրանց առաքումների ուղիներ գտնելու գործում»,- ասել է Բառոզուն: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը, որում հայտարարվում է, որ Թուրքմենստանի և Եվրամիության հարաբերությունները թևակոխում են «որակական նոր փուլ»: Թուրքմենստանի իշխանությունները կարևորում են հատկապես էներգետիկ ոլորտում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատում այն փաստը, որ Թուրքմենստանը աշխարհում ճանաչվում է որպես էներգետիկ առաջատար երկիր: