Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ հաստատել է օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կողմից ընդունված՝ կանանց նկատմամբ բռնություններ գործադրողների նկատմամբ պատիժներ սահմանող օրինագիծը: Այն ստացել է «Կանանց հանդեպ բռնությունների կանխման և ընտանիքի պաշտպանության» անունը:
Ըստ նոր օրենքի՝ այն անձինք, ովքեր բռնություն կգործադրեն կանանց նկատմամբ կամ էլ այդպիսի մտադրություն կունենան, կվտարվեն իրենց տներից կամ տուժածի հետ համատեղ բնակության վայրերից:
Եթե պատժի ենթարկված անձինք խախտեն իրենց դեմ կայացված վճիռը, ապա կստանան տնային կալանք: Ագրեսորի ձեռքերին կհայտնվեն էլեկտրոնային ձեռնաշղթաներ: Տուժած կանանց երեխաներն էլ մանկապարտեզներում կստանան մի շարք արտոնություններ:
Տուժած կնոջը և նրա երեխաներին կհատկացվի բնակատեղի և կցուցաբերվի ժամանակավոր նյութական օգնություն: Իսկ եթե խոսքը վերաբերի կյանքին սպառնալուն, ապա տուժողը կառնվի հսկողության տակ, կամ էլ կփոխվեն նրա անձնագրային տվյալները: Բացի այդ, ստեղծվելու են բռնությունների կանխման կենտրոններ, որոնք աշխատելու են շուրջօրյա ռեժիմով:
Հիշեցնենք. վիճակագրական տվյալները վկայում են, որ թրքուհիների ավելի քան 40 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է այս կամ այն տիպի բռնության:








































