Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող WikiLeaks-յան բացահայտումներից մեկն առնչվում է Թուրքիայում քաղաքացիական իշխանություն-զինվորականություն առճակատմանն ու տվյալ հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշմանը:
2010 թվականի ապրիլի 28-ին Stratfor-ի մերձավորարևելյան փորձագետ Քամրան Բոխարին անդրադարձել է «Բալյոզ» ռազմական հեղաշրջման և «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործերով հետաքննությունների սկսմանը, որոնց շրջանակներում ձերբակալվել են բազմաթիվ գործող և պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ:
Ըստ Բոխարիի՝ տվյալ հարցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առջև կանաչ լույս է վառել ԱՄՆ-ը. «Թուրքիայի զինված ուժերի և կառավարությունների միջև իշխանության համար մղված պայքարն ընթանում էր տասնամյակներ շարունակ (թուրք զինվորականերն այդ ընթացքում իրագործել են 4 հեղաշրջում՝ 1960, 1971, 1980, 1997 թթ. .- 1in.am): Նրանք ցանկանում էին այդ պայքարում ստանալ Վաշինգտոնի աջակցությունը:
Մինչև Սառը պատերազմի և անգամ 1990-ական թվականների ավարտն առավելությունը բանակի կողմն էր: Սակայն իրավիճակը գնալով փոխվեց, քանի որ ԱՄՆ-ը հոգնել էր թուրքական կոալիցիոն թույլ կառավարություններից և հանձինս ԱԶԿ-ի (2002 թվականի նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն 550 հոգանոց խորհրդարանում ստացավ 363 մանդատ.- 1in.am) գտավ ուժեղ դաշնակցի:
Դրանից հետո եթե բանակն ԱԶԿ-ի դեմ իր գործողություններում հատեր վտանգավոր գիծը, ապա նա կհանդիպեր ԱՄՆ-ի խիստ հակազդեցությանը: Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցն է: Քանի դեռ ԱՄՆ-ում իշխանական ղեկին գտնվում են նեոկոնները, ԱԶԿ-ն առավելություն ունի թուրքական բանակի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ ԱԶԿ-ն ամերիկյան մշակում է, և դրա հեղինակը հանրահայտ նեոկոն Փոլ Վուլֆովիցն է։












































