Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները հինգ օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ են հանդիպել՝ քննարկելու հրթիռի արձակման հարցը, որը Հյուսիսային Կորեան ծրագրել է իրականացնել ապրիլին:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ Պեկինը ավելացնում է իր ճնշումը Փխենյանի վրա` հրթիռի արձակումը կանխելու համար: Բայց երկու հանդիպումների ժամանակ էլ մեկուսացված իշխանությունը միջազգային հանրության հետ համաձայնության որևէ նշան չի դրսևորել:
Հաղորդվում է, որ երկուշաբթի օրը Կորեայի միջուկային հարցերով Չինաստանի դեսպանը հանդիպել է Հյուսիսային Կորեայի փոխվարչապետի հետ, որի ժամանակ վերջինս վերահաստատել է իր կառավարության մտադրությունները` զգուշացնելով զերծ մնալ արտաքին միջամտությունից:












































