ՀՀԿ համամասնական ցուցակում ներառելով Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանին և «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին, Հանրապետականը, կարծես, իր շարքերում թարմություն է մտցնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
«Ըստ էության, ՀՀԿ-ում ցուցակի թարմացման խնդիր է դրված՝ հեռացնել այնտեղից հանրությանը ծանոթ և բացասական վերաբերմունք վայելող մարդկանց՝ գործարարներ, թաղային հեղինակություններ և այլն»,- նկատեց նա:
Հարցին՝ արդյո՞ք հանրության համար նոր և դրական էմոցիաներ առաջ բերող մարդիկ են Գեղամյանը, Բաբուխանյանն ու Հարությունյանը, սոցիոլոգը նկատեց, որ ոչ այնքան, սակայն օլիգարխներ ու սեփականատերեր էլ չեն: «Նրանք ավելի շատ մտավորականի դիրք ունեցող հասարակական-քաղաքական դեմքեր են, և ըստ երևույթին, նպատակ կա նաև ՀՀԿ-ում ավելացնել ելույթ ունեցողների քանակը»,- նշեց Պողոսյանը:
Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը զբաղեցնում են համապատասխանաբար՝ 17-րդ, 18-րդ և 19-րդ հորիզոնականները:








































