ՀՀԿ համամասնական ցուցակում ներառելով Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանին և «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին, Հանրապետականը մեսիջ է ուղղում արտաքին աշխարհին՝ փորձելով նրանց համոզել, որ ինքը բարեփոխումների գնացող և բաց քաղաքական ուժ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Կուսակցությունն ուզում է ցույց տալ, որ իր ցուցակում կարող է ներգրավել մարդկանց, ովքեր ժամանակին քննադատել են իշխանություններին: Խաղադրույք կատարվում է հետևյալ հանգամանքի վրա. ՀՀԿ-ն կարծես ասում է՝ եթե մենք վատը լինեինք, ապա ժամանակին մեզ քննադատած քաղաքական գործիչները չէին ներգրավվի մեր կուսակցության համամասնական ցուցակում»,- ասաց նա՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ դժվար է մտածել, թե ՀՀԿ-ն վերոնշյալ երեք անձանց իր ցուցակ մտցրել է ներքին ընտրազանգվածին բավարարելու համար:
Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը զբաղեցնում են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 19-րդ հորիզոնականները:












































