Ինչպես ակնկալվում է, այսօր Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը կընդունի Ֆրանսիայի կողմից առաջարկված մի հայտարարություն, որում աջակցություն է հայտնվում Սիրիայում Քոֆի Անանի առաքելությանը:
Երկուշաբթի օրը Սիրիա է ժամանել Անանի կողմից ուղարկված միջազգային փորձագետների մի խումբ, որը Սիրիայի իշխանությունների հետ կքննարկի երկրում միջազգային դիտորդների ժամանման հարցը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Չնայած Անանի առաքելության իրականացմանը, Սիրիայում երեկ չեն դադարել մարտերը: Դրանք արձանագրվել են ինչպես մայրաքաղաք Դամասկոսում, այնպես էլ նրանից դուրս:
Համացանցում տարածվել են կադրեր, որոնցում երևում են այրվող տներ՝ Հոմս քաղաքում, ինչը, ըստ տեսանյութի հեղինակների, վկայում է այն մասին, որ այդ քաղաքում մարտերը շարունակվում են:












































