Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը հայտարարել է նախագահական ընտրությունների 10 թեկնածուներին: Այս մասին ասվում է Սահմանադիր խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:
Ընտրություններում գլխավոր հակառակորդներ կլինեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը:
Ընտրությունների առաջին փուլում, որը կկայանա ապրիլի 22-ին, պայքարելու են նաև «Ազգային ճակատ» կուսակցությունից Մարին Լե Պենը և ավելի քիչ հայտնի անկախ թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
Կենտրոնական թևից հիմնական թեկնածուն լինելու է «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն:
Սոցհարցումների արդյունքներով հաղթելու հավանականություն ունեցող Օլանդը ստիպված է իր ձայները կիսել բազմաթիվ թեկնածուների հետ: Նրանցից հատկապես հայտնի է «Ձախ ճակատի» թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոն, որը ստացել է կոմունիստների աջակցությունը,
Ցուցակում են նաև «կանաչների» նախկին առաջնորդ Եվա Ժոլին, «Նոր հակակապիտալիստական կուսակցության» առաջնորդ Ֆիլիպ Պուտուն և տրոցկիստ Նատալի Արտոն: Ցուցակը ավարտում է Ժակ Շեմինադը:







































