News Georgia-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա վրացական այցի ժամկետը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Դեռևս համաձայնեցված չէ Քլինթոնի այցի ստույգ ժամկետը: Պետքարտուղարն ունի շատ ծանրաբեռնված գրաֆիկ: Ներկայումս դեռ բանակցություններ են ընթանում, թե կոնկրետ երբ տեղի կունենա նրա այցը, թեև Պետդեպարտամենտն արդեն իսկ միանշանակ հայտարարել է, որ այդ այցը տեղի է ունենալու մոտ ապագայում»:
Նախնական տվյալներով՝ Վրաստանում Քլինթոնը մի շարք հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց հետ, որոնց ժամանակ քննարկելու է տնտեսության, առևտրի ու պաշտպանական, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ոլորտներում համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Էրիկ Ռուբինը հայտարարել էր, որ Հիլարի Քլինթոնը Վրաստան է այցելելու 2012 թվականի գարնանը:
Ի դեպ, Քլինթոնն իր արևելաեվրոպական շրջագայության շրջանակներում 2010 թվականի հուլիսին այցելել է Վրաստան:








































