Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի սպառազինությունը համալրվել է նոր բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ):
Խոսքը «Շֆարաք» («Թիթեռ») ԱԹՍ-ի մասին է, որի փորձարկումներն ավարտվել են, և զինված ուժերը սկսել են համալրվել դրանցով: Նոր ԱԹՍ-ն գործածվելու է որպես հիմնական հետախուզական միջոց:
Այն ի վիճակի է 4500 մետր բարձրությունից հավաքել տարբեր տիպի տեղեկատվություն ցամաքային ու ծովային օբյեկտների մասին՝ ընդհուպ մինչև դրանց քիմիական տարրեր պարունակելը: Բացի այդ, ԱԹՍ-ն ունակ է ֆիքսել ամենափոքր հզորության աուդիո և վիդեո ազդանշաններ:
Իրանական ԱԹՍ-ն ունակ է թռիչքներ իրագործել 50 կիլոմետր շառավղով և իր վրա կրել 8 կիլոգրամ օգտակար բեռ, ինչպես նաև առանց լիցքավորման օդում գտնվել 3.5 ժամ: Ընդ որում՝ ԱԹՍ-ի քաշը կազմում է 50 կիլոգրամ, նրա շարժիչը կարող է աշխատել երկու տիպի վառելիքով՝ բենզինով և հատուկ յուղով: ԱԹՍ-ի արժեքը գնահատվում է մոտ 100,000 դոլար:
Իրանական իշխանությունները մտադիր են «Թիթեռ»-ը գործածել սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ու ճանապարհային իրավիճակների դիտարկման ժամանակ: Սակայն իսրայելական կողմը պնդում է, թե Իրանը մտադիր է այդ ԱԹՍ-ներից մատակարարել «Հըզբոլլահին»:









































