Դամասկոսի Ալ-Մըզզե` ամենապաշտպանվող թաղամասերից մեկում սկսվել են բախումներ ապստամբների և բանակի միջև: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ականատեսներին:
Տեղի բնակիչների խոսքերով` ոստիկանությունն արգելափակել է մի քանի թաղամասերի մուտքը, անջատված է էլեկտրամատակարարումը: Ալ-Մըզզեում են գտնվում մի շարք հայտնի մարդկանց առանձնատներ, դիվանագիտական շատ ներկայացուցչություններ: Հենց այս թաղամասում է փետրվարի վերջին տեղի ունեցել բազմահազարանոց հանրահավաք` քաղաքում մի քանի ակտիվիստների սպանությունից հետո:
Հիշեցնենք նաև, որ մարտի 17-ին Դամասկոսում տեղի են ունեցել երկու հզոր պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է մոտ 3 տասնյակ մարդ: Մարտի 18-ին ահաբեկչության զոհ են գնացել բազմաթիվ հալեպցիներ:







































