Ուկրաինայի նախագահն իրավունք չունի միջամտել Յուլյա Տիմոշենկոյի գործով դատավարությանը: Այս մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ես գնահատականներ տալու, առավել ևս դատավարությանը միջամտելու իրավունք չունեմ: Դատավարությունը դեռ ավարտված չէ, առջևում գերագույն դատարանն է: Թե ինչ որոշում կընդունի այս դատարանը, դժվարանում եմ ասել»,- ասել է նախագահը:
«Ինչ վերաբերում է իմ իրավունքներին, ապա ես դրանք կարող եմ օգտագործել միայն այն ժամանակ, երբ դատավարությունն ավարտված կլինի, երբ արդեն համապատասխան որոշումներն ընդունված կլինեն»,-նշել է նախագահը:
Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյի հանդեպ Վիկտոր Յանուկովիչի անձնական վերաբերմունքին, ապա նախագահն ասել է. «Հավատացեք, ես երբևէ ատելություն չեմ զգացել ընդհանրապես որևէ մարդու, այդ թվում՝ նաև Յուլյա Վլադիմիրովնայի հանդեպ: Ինձ զարմացնում է այն ատելությունն ու չարությունը, որոնցով լի են նրա կողմնակիցները: Որտեղի՞ց այդքան ատելություն և չարություն»։







































