Մեծ պահքի հինգերորդ կիրակին անվանակոչված է Դատավորի, որը նշվում է այսօր, իսկ օրվա խորհրդի հիմքում ընկած է «Անիրավ դատավորի» առակը. «Մի անիրավ դատավոր ոտնակոխ է անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Մի կին դատական գործերից մեկի ժամանակ առանց պաշտպանի գնում է դատավորի մոտ, նա վստահ էր իր իրավունքների վրա, բայց դատավորը անտեսում է նրա դատը: Այդ այրին ամեն օր գնում է, բայց՝ անօգուտ, մի օր էլ դատավորը, ձանձրացած նրա ամենօրյա այցելություններից, որոշում է գնալ այրի կնոջ դատին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Տեր Նիկողայոս քահանա Հովհաննիսյանը:
Առակի իմաստն այն է, որ կյանքում միշտ պետք է ձգտել արդարության՝ այն հավատով, որ մի օր հնարավոր կլինի գտնել անտեսված իրավունքը. «Տերը պատվիրում է աղոթել անձանձրույթ և հավատալ անսահման ժամանակով՝ հոգով և մտքով: Քրիստոսն էլ իր առաքյալներին ասաց՝ «Ամենայն ժամ աղոթք զգացեք»,- ավելացրեց քահանան:
Եկեղեցիներում, ինչպես պասի բոլոր կիրակիներին, այս կիրակի ևս փակ պատարագ կմատուցվի, այսինքն՝ եկեղեցու վարագույրները իջած կլինեն, կընթերցվի «Անիրավ դատավորի» առակը, քահանաները կմեկնաբանեն այն:
Պատարագից հետո հավատացյալները հնում գնում էին տուն, որտեղ տան հարսները արդեն պատրաստել էին պասի ուտելիքները: Երեխաները բարձրանում էին տան կտուրները և երդիկից քարեր նետելով՝ պոկում Ակլատիզի հերթական՝ հինգերորդ փետուրը. «Նոր Նախիջևանում Մեծ պահքի շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշող Ակլատիզի փետուրն ուներ հատուկ գույնի ժապավեն. Զատկինը կարմիր էր, Ծաղկազարդինը՝ կանաչ, Լուսավորչինը՝ սպիտակ, իսկ մյուս շաբաթներինը՝ սև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:
Նա փաստեց նաև այն հանգամանքը, որ հետզհետե ժողովրդի մեջ պակասում էր պասը պարտադիր պահելու սովորությունը, որը կախված էր մարդկանց սոցիալական վիճակից. «Դժվար էր ճարվում թարմ կանաչեղեն, պասի այլ ուտելիքներ, ինչի հետևանքով չորեքշաբթի և ուրբաթ օրերին պաս գրեթե չէին պահում: Սա լուրջ խնդիր էր մասնավորապես քաղաքային շրջաններում և հատկապես՝ այլէթնիկ զանգվածով բնակեցված վայրերում»:








































