Մինչ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով շարունակում են իրենց թեկնածուներին առաջադրել, «Ժառանգությունը» դեռ չի շտապում հրապարակել այն թեկնածուների անունները, որոնք խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու են: «Ժամանակ դեռ կա, խորհրդի նիստը տեղի կունենա ամսի 18-ին: Նիստն է լիազորված որոշում կայացնելու մեծամասնականով մասնակցության և ձևաչափի, և անձերի վերաբերյալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Թե հաղթելու ինչ հավանականություն ունի «Ժառանգությունը» հիմնականում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների ընտրապայքարում, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Մեծամասնականի դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ընտրություններ կլինեն, որովհետև շատ դժվար է, երբ որ դու քաղաքական ծրագիր ես ներկայացնում, օրենքի շրջանակներում քաղաքական պայքար տանում և քո դեմ դնում է մի թեկնածու կամ թեկնածուներ, որոնք օգտվում են ֆինանսական անսպառ ռեսուրսներից` ընտրությունը վերածելով ուղղակի ընտրակաշառքի գործընթացի: Ադմինիստրատիվ, անօրինական ռեսուրսները, քրեական տարրերն են անօրինական օգտագործվում: Այդպիսի պայքարում իսկապես դժվար է, բայց քաղաքական հարթությունում, կարծում եմ, միանշանակ, պայքարն ընդդիմության օգտին է»:












































