Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները Սիրիայում անհետացած երկու թուրք լրագրողների հարցով դիմել են Անկարայում Իրանի դեսպան Բահմեն Հուսեյինփուրին:
Նրանք խնդրել են Իրանի միջնորդությունը Սիրիայի հատուկ ծառայությունների ձեռքում գտնվող այդ լրագրողների ազատ արձակման հարցում: Իրանցի դեսպանը հայտնել է, որ իր երկրի ղեկավարությունը պատրաստ է տվյալ հարցում աջակցել Թուրքիային:
Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է Ալի Աքբար Սալեհիին և խնդրել նրա աջակցությունը:
Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները շարունակում են մնալ լարված, իսկ Իրանը Սիրիայի գլխավոր տարածաշրջանային դաշնակիցն է:
Ավելի վաղ Դավութօղլուն խոստացել էր ձեռնարկել ամեն հնարավոր բան՝ Սիրիայում գտնվող թուրք լրագրողներին ազատելու ուղղությամբ:







































