Իսպանիայի բանկի տվյալներով՝ երկրի պետական պարտքը անցյալ տարվա վերջին քառորդում հասել է ՀՆԱ 68.5%-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում վերջին 17 տարիների համար:
Այսպիսով, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Իսպանիայի պետական պարտքը հերթական անգամ գերազանցեց ՀՆԱ 60%-ը, որը սահմանված էր ԵՄ բյուջետային կայունության պայմանագրով: Սակայն հարկ է նշել, որ եվրոգոտու համար 2011թ. 3-րդ քառորդում միջին ցուցանիշը շատ ավելի բարձր է՝ ՀՆԱ 84.7%:
Այս շաբաթ Իսպանիայի ղեկավարությունը համաձայնել էր կրճատել բյուջեի դեֆիցիտը 5 մլրդ եվրոյով և լրացուցիչ տնտեսական միջոցառումներ իրականացնել:
Ավելի վաղ Իսպանիան ընդունել էր տնտեսության կոշտ միջոցառումների փաթեթը՝ պետական ծախսերը կրճատելու և հարկերը բարձրացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ 2012թ. ընթացքում Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է տնտեսել 16.5 մլրդ եվրո:









































