Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը կոչ են արել «վստահելի և հանրային հետաքննություն» անցկացնել 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի հետևանքով 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար:
Մեդիամաքս-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է համազեկուցողների՝ Հայաստան կատարած հունվարյան այցի հիման վրա մշակված զեկույցում:
Համազեկուցողները նշել են, որ մինչ այժմ հետաքննություն է տարվել հարուցված քրեական գործի շրջանակներում, բայց դա այն չէ, ինչը «իրենք նկատի ունեին» և ինչը թույլ կտար զոհերի ընտանիքներին խոսել, իսկ իշխանություններին՝ բացատրել տարված հետաքննությունը: Նրանք նշել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «բաց էր» իրենց առաջարկների նկատմամբ և առաջարկել էր ներկայացնել հանրային լսումների հայեցակարգ:









































