«Տվեք ինձ «ուչաստկովիներ» և գործելու իրավունք, և ես ընդամենը երկու օրում կբացահայտեմ ու դատարանի առջև կկանգնեցնեմ մարտի 1-ի մեղավորներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Մենք չենք մոռացել մարտի 1-ը, թեպետ չորս տարի է անցել: Ո՞ւր են Երևանի կենտրոնում մարդասպանություն գործած հանցագործները»,- հարց հնչեցրեց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն իր հերթին նկատեց, որ իրենք ևս չեն մոռացել մարտի 1-ի իրադարձությունները:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ հայտնի չորս կուսակցությունների՝ ՀԱԿ-ի շարքերից դուրս գալը հիմք ծառայի, որ ՀԱԿ համամասնական ցուցակների հրապարակումից հետո ևս մի քանի կուսակցություններ որոշեն լքել քաղաքական այդ ուժը, Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այդ հարցի պատասխանը ես ուղղակի չգիտեմ»՝ հավելելով, որ ՀԱԿ-ում դիկտատուրա չկա, այնտեղ ժողովրդավարություն է:











































