ՀԱԿ-ի կուլիսներում համամասնական ցուցակի առնչությամբ պայքար չկա. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նա ասաց. «Չեմ կարող ասել՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն խորհրդարանական ընտրությունները: Ընդամենը մարտն է, և ապրիլին շատ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվելու: Քաղաքացին հասկանալու է, որ բավական է այսպես ապրել, և դուրս է գալու փողոց: Այո, մեր ազգաբնակչությունն ընտրությունների օրը պետք է դուրս գա փողոց և հետևի դրանց ընթացքին»:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀԿ ծրագրերը, որ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց իրենց համագումարի ժամանակ, «բուբլիկի միջի անցքն են, օդապարիկ»:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն իր հերթին նկատեց, որ ՀՀԿ 13-րդ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի ելույթը բովանդակային առումով հարուստ և ծրագրային լուրջ դրույթներ, ինչպես նաև ինքնաքննադատություն պարունակող խոսք էր:
«Սակայն նույն այդ ելույթը հաճախ շատ պարզունակ է մեկնաբանվում: Մեր նախագահի ելույթը նման չէր բոլոր նախորդներին, որ սովոր էինք լսել»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ նախագահի ելույթում հատկանշական էր հատկապես այն, որ նշվեց՝ ՀՀԿ-ում միանձնյա որոշումներ չեն կայացվում: «Եվ բնական է, որ ընտրություններից առաջ նախապես առաջադրվելու ցանկություն հայտնած մարդը հրաժարվի այդ մտքից: Դրանում էլ հենց կայանում է ընտրությունների ազատությունը»:
Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չանդրադարձավ, քանի որ երկիրն առհասարակ տնտեսություն չունի:
«Եթե ատամ չունես, բնական է, որ այն չի ցավա: Բայց տվեք հնարավորություն, և ՀԱԿ-ը մի քանի օրում կբացահայտի նրան, ով վաճառեց Հայաստանի մեկուկես տոննա ոսկին: Ես չորս տարվա բարձրությունից եմ նայում: Մենք ամեն օր ավելի վատ ենք ապրում, քան նախորդ օրը: Հայաստանը օրեցօր հայաթափվում է»:
Մինչդեռ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ տնտեսության մեջ զգալի առաջընթաց կա։ «Մենք վերարտադրվում ենք, քանի որ լավ ենք աշխատում»,- նշեց նա:











































