Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ դիտարկելու է թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց վերականգնման մասին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին:
Փետրվարի 28-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Սաակաշվիլին առաջարկել էր ազատականացնել օրենսդրությունը թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հարցում: Նա նաև առաջարկել էր թմրապատժամիջոցներից պետբյուջե փոխանցվող գումարների մի մասը տրամադրել այդ անձանց բուժմանը՝ թմրանյութերից ունեցած կախվածությանը վերջ դնելու համար:
Սաակաշվիլիի տվյալ նախաձեռնությունը մարտի սկզբին քննարկել են առողջապահական, իրավական ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող խորհրդարանական կոմիտեները: Որոշվել է թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց համար ստեղծել այլընտրանքային վերականգնողական կենտրոն, որի ֆինանսավորման աղբյուրներից մեկը հանդիսանալու են թմրապատժամիջոցներից պետբյուջե փոխանցված գումարները:
Այդ կենտրոնը բացվելու է այս տարի Բազալետում (Արևելյան Վրաստան): Կենտրոնի տարածքում կառուցվելու են նաև արտադրամասեր և արհեստանոցներ, ուր կկարողանան աշխատել թմրանյութերից կախվածություն ունեցող անձինք:





































