Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Nonstop համերգային ծրագիրը: Հայաստանի երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագիրը բավականին բարդ էր իրականացնել, սակայն ունկնդիրների համար շատ հաճելի, քանի որ ներկայացվել են սիրված և հայտնի սաունթրեքներ հոլիվուդյան ֆիլմերից. «Բավականին բարդ էր իրականացնել, քանի որ Nonstop էին հնչում կատարումները, և շատ դժվար է աշխատել բեմի վրա 1.5 ժամ անընդմեջ: Սակայն շատ հպարտ եմ և ուրախ, որ ստացվեց այս պրոյեկտը: Իսկ դա ուղղակի պարզ էր դահլիճի ոգևորությունից»:
Նրա խոսքերով՝ այս նախագծի իմաստը ուղղակի համերգ կազմակերպելը չէր և իրենք չունեն կրթելու, սովորեցնելու նպատակ. «Եթե ինչ-որ մեկն սկսում է պրոյեկտ սովորեցնելու, ապացուցելու համար, որ ինքն ամենալավն է, դա ուտոպիա է: Եվ մենք բոլորովին այդ նպատակը չունենք: Ուղղակի ես վստահ եմ, որ այն բոլոր երիտասարդները, ովքեր այսօր հոտնկայս ծափահարում էին, կես տարի, մեկ տարի հետո անցնելով փողոցը, տեսնելով մեր աֆիշան, եթե ոչ բոլորը, ապա 30-40 տոկոսը կգան: Ուստի մենք լուծում ենք այն պրոբլեմը, որ բոլորն ասում են՝ մենք չենք լսում դասական երաժշտություն»:







































